«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած անհնազանդության ակցիաների 4-օրդ օրը՝ մայիսի 14-ին, բերման ենթարկված բոլոր 63 քաղաքացիները ժամը 17։00-ի դրությամբ ազատ են արձակվել, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանության ԶԼՄ և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Ազգային ճակատն» ավելի ուշ հայտարարել է, որ շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ «կարմիր բերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ՀՀ քաղաքացի Կարեն Գևորգյանը ոտքի կոտրվածք է ստացել։
Անհնազանդության, իրազեկման ակցիաները վերսկվել էին առավոտյան ժամը 8։00-ից և շարունակվել օրվա ընթացքում։ Շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթեր են անցկացվել դեպի Երևանի պետական համալսարան, հանդիպում է տեղի ունեցել Ժուռնալիստների միությունում։ Այնուհետ երթը Բագրատ Սրբազանի հետ շարժվել է դեպի Երևանի «Մետրոպոլիտեն»։ «Ազգային ճակատը» հայտնել է, որ իրազեկման ակցիա է տեղի ունեցել նաև Մաշտոց-Արգիշտի խաչմերուկում, իսկ Վանաձորում իրականացվել է ավտոերթ։
Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից, եթե իր թեկնածությունն առաջադրվի վարչապետի պաշտոնում:
«Ամեն վայրկյան պատրաստ եմ անգամ ինքս ինձ հանձնելու իմ սեփական երկրի՝ ՀՀ-ի, Արցախի Հանրապետության համար։ Կանադայի քաղաքացիությունն ինձ համար սոսկ փաստաթուղթ, անցաթուղթ է և վկայություն է, որ ես այդ երկրում ապրել եմ։ Եվ շատ շնորհակալ եմ, որ ապրել եմ։ Այս վկայականը կամ անձնագիրն ինձ տրվել է ոչ թե ծառայության դիմաց, այլ այնտեղ լինելու որպես հոգևոր առաջնորդ՝ պահանջված բոլոր օրինական ճանապարհներով»,- Ժուռնալիստների միությունում հայտարարել է Սրբազանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել է, որ օրը կամփոփի Երևանի Սուրբ Աննա եկեղեցում, որից առաջ՝ ժամը 18:30-ին, եկեղեցու բակում տեղի կունենա հանդիպում-քննարկում «Ինչու՞ և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության գործողություններ» թեմայով:
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։