Հայ առաքելական եկեղեցին, Գարեգին Բ-ի գլխավորությամբ, մտադիր է շարժման առաջնորդությունը քաղաքական ուժերին փոխանցել, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով տարբեր աղբյուրների տեղեկություններին։
Ըստ թերթի՝ հոգևորականների շրջանում կարծիք կա, որ շարժման հնարավոր ձախողումը վնասելու է կաթողիկոսի և հայ եկեղեցու հեղինակությանը։ Լրատվականը նշել է, որ հոգևորականներն առաջարկում են հայտարարությամբ հանդես գալ, որտեղ կվերահաստատեն իրենց դիրքորոշումը երկրի համար ճակատագրական պահին եկեղեցու դերակատարման հետ կապված, կշեշտեն, որ սա ոչ թե քաղաքական պայքար է, այլ հանուն հայրենիքի շարժում։
Նրանք, ըստ թերթի, առաջարկում են նշել, որ սկիզբը դրված է, և «եկեղեցին ու Բագրատ սրբազանը շարժել են անշարժելին` մեծ թվով մարդկանց են համախմբել և հասարակությանը հանել են թմբիրից», հիմա եկել է քաղաքական ուժերի գործելու ժամանակը, որովհետև իմպիչմենտի, իշխանափոխության խնդիրը քաղաքական պահանջներ են։
Լրատվականը շեշտել է, որ եկեղեցում կան շատ անհատներ, որոնք դեմ են այս քայլին, կարծում են, որ եկեղեցին կհեղինակազրկվի, հանրությունը կհիասթափվի և կկարծի, թե «Վեհափառը գործարքի է գնացել իշխանությունների հետ»։
Մայիսի 4-ին սահմանազատման գործընթացի դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։