Վարչապետի աշխատակազմից պարզաբանել են սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարությունը՝ անդրադառնալով Կիրանցում սահմանային ոչ բոլոր սյուները տեղադրելու հետ կապված սահմանազատման գործընթացը սառեցնելու մասին լուրերին։
«Կիրանցի երեք կոորդինատ տեղորոշվել է համակարգչային եղանակով, սյուները կտեղադրվեն ավելի ուշ, մյուսները տեղադրված են»,- «Արմենպրես»-ին հայտնել է վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Կառավարությունը հայտարարել է, որ ճանապարհների հետ կապված խնդիր կառաջանա և խոստացել լուծել այն 3 ամսվա ընթացքում։
«Ինչպես ասվել է, ճանապարհի տեղափոխման խնդիր, այո՛, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաև Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար»,- հայտնել են կառավարությունից։
Առաջացած գույքային խնդիրները կառավարությունը խոստացել է փոխհատուցել։
«Ինչ վերաբերում է գույքային հարցերին, դրանց ծավալը մեծ չի լինի, և կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները ըստ նրանց նախընտրության` գույքային կամ ֆինանսական եղանակով: Կառավարության ներկայացուցիչները առավոտից արդեն կգույքագրեն հնարավոր խնդիրները և կսկսեն քննարկումները Կիրանցի բնակիչների հետ»,- ասվում է հարցման պատասխանի մեջ։
Կառավարությունը նպաստավոր է անվանել Կիրանցի հատվածում սահմանազատումը և նշել, որ դրա արդյունքում կիրանցիները հասանելիություն են ստանում գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել։
«Կիրանցի համար նպաստավոր լուրը, մասնավորապես, այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով»,- նշել են կառավարությունից։
Գերատեսչությունը նաև հայտնել է սահմանի համաձայնեցված հատվածներում ՊԲ ուժերը սահմանապահներով փոխարինելու ժամկետները։
«Դա տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման»,- ընդգծել են կառավարությունից։
Մայիսի 15-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայ-ադրդեջանական սահմանին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների իններորդ հանդիպումը։ Ըստ գերատեսչության՝ կողմերը քննարկել են սահմանազատման գործընթացը 1976 թվականի ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզի համաձայն և ստորագրել Տավուշի հատվածի առանձին բնակավայրերի սահմանազատման արդյունքում ընդունված արձանագրություն-նկարագրությունը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։