ՔԿ-ն ապրիլի 12-ին վթարված «Ուրալի» վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացրել երկու անձի, որոնցից մեկին կալանավորել է, մյուսի նկատմամբ կիրառել տնային կալանք, հայտնել են գերատեսչությունից։
Ըստ հաղորդագրության՝ վարույթը հարուցվել էՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև ութ տարի ժամկետով)։
Նշվում է, որ մեղադրանքներ են ներկայացվել զորամասի երկու պաշտոնյայի, որոնք պատասխանատու են տեխնիկական ապահովման, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի տեխնիկական վիճակի, դրանց ճիշտ շահագործման, նորոգման և էվակուացման, անձնակազմի տեխնիկական պատրաստության համար պատասխանատու, ինչպես նաև՝ հավաքակայանից դուրս եկող և վերադարձող մեքենաների տեխնիկական վիճակի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար։
Ապրիլի 12-ին ՊՆ-ն հայտնել էր զինծառայողներ տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով 4 զոհի և 20 վիրավորի մասին: Վթարի հետևանքով մահացել էին Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։ ՔԿ-ն վթարի հետևանքով զինծառայողների մահվան դեպքի առթիվ նախաձեռնել էր քրեական վարույթ։ Մայիսի 2-ին ՔԿ-ն հայտնել էր, որ վթարի գործով ՊՆ N զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել։