Ոստիկանները ծաղրաբար «հայր սուրբ-հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավոր Դանիել Սարկավագին, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշել է, որ սարկավագը տարբեր մարմնական վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում։ Մելիքյանը տուժողին որակել որպես «խոնարհությունն ու քրիստոնեական մյուս առաքինությունները կրող համեստ եկեղեցական»։
«Հասանք նրան, որ ստիպված ենք առանձին բերետների համեմատել Քրիստոսին չարչարող հռոմեացի զինվորների հետ»,- գրել է փաստաբանը։ Այլ մանրամասներ միջադեպի մասին նա չի հայտնել։
Միևնույն ժամանակ՝ Մելիքյանը տեղեկացրել է, որ անձամբ ներկա է գտնվել բողոքի ակցիային՝ բախման կիզակետերից մեկում, սակայն իր նկատմամբ ոստիկաններն ուժ չեն կիրառել, նույնիսկ հարգալից պահվածք են դրսևորել։
Նշենք, որ ՔԿ-ն մայիսի 31-ին հայտնել էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի 28 մասնակցի ձերբակալության մասին։ Շարժման «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ ձերբակալվածներից ոմանք՝ այդ թվում Դանիել Սարկավագ Գևորգյանը, մարմնական վնասվածքներ են ստացել։
ՀՀ ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի իրականացման վայրում վնասվածք ստացած քաղաքացիներին և ոստիկաններին տեսակցելու և նրանց առողջական վիճակին ծանոթանալու համար արագ արձագանքման խումբ էր մեկնել բուժհաստատություն։
Մայիսի 31-ին շարժման մասնակիցներն ակցիա էին անցկացրել ԱԳՆ շենքի մոտ։ ՆԳՆ ոստիկանությունից Armenia Today-ին հայտնել էին, որ ժամը 16։30-ի դրությամբ բերման էր ենթարկվել ակցիայի 26 մասնակից։