Քննչական կոմիտեն հայտնել է Երևանում ՀՀ ԱԳՆ շենքի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անցկացրած ակցիայի 28 մասնակցի ձերբակալության մասին։
Ըստ ՔԿ-ի՝ ակցիայի մասնակցիները բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ և ԱԳՆ շենքը գրավելու կոչեր արել։
«Ակցիայի մասնակիցների շրջանակից նշված վայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների ուղղությամբ նետվել են քարեր, ջրով լցված տարաներ, ծխարձակող ճայթուկներ և այլ առարկաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քրեական վարույթ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը, պատժվում է մինչև 8 տարի ազատագրկմամբ)։
ՔԿ-ն հայտնել է, որ ոստիկանության 7 աշխատակից և ակցիայի մասնակիցներ դիմել են բուժօգնության։
«Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ առերևույթ անկարգությունների կազմակերպիչ և մասնակից անձանց ամբողջական շրջանակը, յուրաքանչյուրի ինքնությունը պարզելու, նրանց արարքներն անհատականացնելու, նշված անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն»,- հայտնել է Քննչական կոմիտեն:
Շարժման «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը հայտնել է, որ ձերբակալվածներից ոմանք՝ այդ թվում Դանիել Սարկավագ Գևորգյանը, մարմնական վնասվածքներ են ստացել։
«Ձերբակալվածներից Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ։ Նրա նախնական ձերբակալման 6 ժամը լրացել է: 6 ժամը լրանալուց հետո ձերբակալման որոշում չկա, սակայն նրան ազատ չեն արձակում»,- հայտնել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։
ՀՀ ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի իրականացման վայրում վնասվածք ստացած քաղաքացիներին և ոստիկաններին տեսակցելու և նրանց առողջական վիճակին ծանոթանալու համար արագ արձագանքման խումբ է մեկնել բուժհաստատություն։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Մայիսի 31-ին շարժման մասնակիցներն ակցիա էին անցկացրել ԱԳՆ շենքի մոտ։ ՆԳՆ ոստիկանությունից Armenia Today-ին հայտնել էին, որ ժամը 16։30-ի դրությամբ բերման էր ենթարկվել ակցիայի 26 մասնակից։