ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ կազմակերպությունը կառույցի հետ հարաբերությունների հեռանկարում Երևանից հստակություն է ակնկալում, փոխանցում է TACC-ը։
«Հույս ունենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Դա ձեռնտու կլինի մեր ասոցիացիայի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- նշել է նա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում։
Միևնույն ժամանակ՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ «վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին»։
«Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, Հայաստանի Հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, այս երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջությամբ»,- ընդգծել է Տասմագամբետովը։
Մարտի 26-ին հունական Kathimerini օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ-ն ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չի մասնակցում։ Փետրվարի 22-ին Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Իր հերթին՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն փետրվարի 23-ին ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերից հետո Երևանից պարզաբանում էր ակնկալել, իսկ մարտի 6-ին հայտարարել, որ ՌԴ-ն հայկական կողմին Երևանի համար խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդակցությունների է հրավիրել։ Փաշինյանը մարտի 12-ին ասել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե իր բարձրացրած հարցերի պատասխանները չստանա։
Փաշինյանը մայիսի 22-ին հայտարարել էր, որ գիտի ՀԱՊԿ առնվազն երկու երկիր, որոնք մասնակցել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը։ ՌԴ Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը մայիսի 23-ին հայտարարել էր, որ երբ Փաշինյանը ՀԱՊԿ երկու երկրներին մեղադրել է Բաքվին օգնելու մեջ, նկատի է ունեցել Ռուսաստանին և Բելառուսին։
Ապրիլի 1-ին ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության գոտի էր անվանել Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմաններում: Կազմակերպությունն այդ մասին հայտարարել էր ի պատասխան Փաշինյանի այն խոսքերի, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե չստանա հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու վերաբերյալ իր բարձրացրած հարցերի պատասխանները: