Միջազգային ներդրողների խումբը՝ լոնդոնաբնակ հայազգի գործարար Վաչե Մանուկյանի գլխավորությամբ, առաջարկել է 400 միլիոն ֆունտ ստերլինգով (ավելի քան 500 միլիոն դոլար) գնել «Էվերթոն» ֆուտբոլային ակումբը, հայտնում է The Athletic-ը։
«Մանուկյանը՝ ժամանցի և անշարժ գույքի ոլորտում հայ մագնատի եղբորորդին, գլոբալ տեխնոլոգիական ներդրումային IMS Digital Ventures ընկերության գործընկերն է, նրա մրցութային թիմը ներառում է ներդրողներ Պարսից ծոցից և ԱՄՆ-ից»,- ասվում է հրապարակման մեջ։
Պրեմիեր լիգայի ակումբի սեփականատեր Ֆարհադ Մոշիրին այն վաճառում է ֆինանսական դժվարությունների պատճառով։ Մոշիրին արդեն ակումբը գնելու երեք հայտ է ստացել, սակայն Մանուկյանի առաջարկը նույնպես լավ է ընդունվել, և ինքը՝ գործարարը, վստահ է իր հեռանկարների վրա, հայտնում է The Independent-ը։
Թերթի տեղեկություններով՝ Մանուկյանի առաջարկը չի ավելացնի «Էվերթոնի» պարտքը և չի վտանգի դրամական սուղ միջոցներ ունեցող ակումբի ապագան, քանի որ գործարարն առաջարկել է գործառնական կանխիկ գումար և կայուն երկարաժամկետ ռազմավարություն մշակել։
«Մանուկյանը և նրա թիմը տպավորված են այն աշխատանքով, որ կատարել են մենեջեր Շոն Դայչը և ֆուտբոլային գծով տնօրեն Քևին Թելվելը՝ վերջին երկու մրցաշրջանների ընթացքում նվազագույն բյուջեով Պրեմիեր լիգայի կարգավիճակը պահպանելու համար»,- գրում է թերթը։
Հայազգի գործարարն «Էվերթոնի» երկրպագու է։ Նա ղեկավարում է կոնսորցիումը, որը ներառում է ամերիկացի ներդրողներ, Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամներ և ավստրալական Մայեր ընտանիքը։