Ազգային ժողովը հունիսի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմը 18 տարեկանը սահմանելու նախագիծը։
ԱԺ-ն նախագիծն ընդունել է 67 կողմ, 1 դեմ և 24 ձեռնպահ ձայներով։
ՀՀ գործող օրենսդրությամբ՝ ամուսնության տարիքը 18-ն է: Որոշ բացառություններով՝ 16 և 17 տարեկանում անձը կարող է ամուսնանալ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկել էր ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։ Նա առաջարկել էր հանել բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են վաղ ամուսնություններին և անչափահաս ամուսիններին: Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու օրենսդրական բարեփոխումների թեմայով լսումներ ԱԺ-ում տեղի էին ունեցել փետրվարի 15-ին։