ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը և ընդգծել Հայաստանի հետ համաձայնագրի շուտափույթ կնքման անհրաժեշտությունը, հայտնում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
«Պետքարտուղարն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ընդգծել համաձայնագրի անհապաղ կնքման կարևորությունը»,- ասված է Պետքարտուղարության հայտարարության մեջ:
Նա նաև վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունն աջակցելու Երևանի և Բաքվի միջև հետագա՝ «կողմերի համար ցանկացած ձևով օգտակար» շփումներին։
Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին հարգել միջազգային և մարդու իրավունքների վերաբերյալ պարտավորությունները և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։
«Նա կոչ է արել Ադրբեջանին դա անել որքան հնարավոր է շուտ»,- նշել են Պետքարտուղարության մամուլի ծառայությունից։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 20-ին Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Երևանը Բաքվից պատասխան չի ստացել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները մեկ ամսվա ընթացքում ավարտելու առաջարկի վերաբերյալ։
Հունիսի 7-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պատրաստ է ինտենսիվ աշխատել համաձայնագրով չլուծված հարցերի պարզաբանման և մեկ ամսվա ընթացքում այն ստորագրելու ուղղությամբ։ Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «անհնար էր» անվանել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրն առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության։