Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացման աշխատանքները, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Աշխատակազմն այսպես է մեկնաբանել Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հաղորդագրությունները երկու երկրների սահմանին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հայկական կողմից իբրև կրակելու մասին։
«Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի ՊՆ ստորաբաժանումների կողմից տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ՊՆ-ն հերքել է բոլոր այդ մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկատվության տարածումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ վարչապետի աշխատակազմն ընդգծել է, որ Երևանի կամքն է թույլ չտալ, որպեսզի լարվածություն ստեղծվի սահմանին և, ի շարունակություն ՀՀ վարչապետի հունիսի 15-ի հայտարարության, առաջարկում է մեկնարկել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացման աշխատանքները։
Հունիսի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել էր ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ։ Այս մասին նա հայտարարել էր Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստին: Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունները վկայում են կա՛մ հրադադարի խախտման, կա՛մ էսկալացիայի ֆոն ստեղծելու մասին։
Հունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն էր որակել օրվա ընթացքում Բաքվի երկրորդ հայտարարությունը՝ երկու երկրների սահմանին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին։