Սինգապուրի իշխանությունները հայտարարել են աղավնիների պոպուլյացիայի կրճատման փորձնական նախագծի մեկնարկի մասին, հայտնում է CNA News-ը:
Քաղաքային խորհրդի, Ազգային պարկերի խորհրդի (NParks), Շրջակա միջավայրի ազգային գործակալության (NEA) և Սինգապուրի սննդի գործակալության (SFA) համատեղ հայտարարության համաձայն Սինգապուրի երեք շրջաններում, որտեղ թռչունների ամենաբարձր կենտրոնացումն է, ներդրվում է աղավնիների պոպուլյացիայի վերահսկման փորձնական ծրագիր: Ակնկալվում է, որ նախագիծը կտևի վեց ամիս և կներառի ինչպես թռչունների որս ու սպանդ, այնպես էլ նրանց սննդի աղբյուրների կրճատում:
«Քանի որ ժայռային աղավնիներն արագորեն բազմանում են, և բնական գիշատիչների թիվը Սինգապուրում քիչ է, անհրաժեշտ է աղավնիներին վերացնել և կրճատել նրանց սննդի աղբյուրները: Դա կնվազեցնի նրանց թիվը և կկանխի տվյալ տեսակի աննախադեպ աճը, հատկապես՝ մոտ ապագայում»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ավագանիների կողմից վարձված մարդիկ կբռնեն աղավնիներին և կսպանեն ածխաթթու գազով: Միջոցներ են ձեռնարկվելու նաև սննդամթերքի թափոնների ժամանակին հեռացումն ապահովելու ուղղությամբ։
2021 թվականի NParks-ի ուսումնասիրության համաձայն՝ փողոցներում աղավնիների թիվը փոքր-ինչ նվազել է COVID-19 համաճարակի ժամանակ՝ սրճարաններում և ռեստորաններում ճաշելու սահմանափակումների պատճառով: Գիտնականները նշել են, որ ժայռային աղավնիներն ավելի շատ ժամանակ են ծախսում սնունդ փնտրելու վրա և ավելի քիչ են հանգստանում, ինչն ազդել է նրանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: