Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում իրենց բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ:
«Զարմանքից քար էինք կտրել, երբ անցած շաբաթ Politico պարբերականը և, անկասկած, այլ լրատվամիջոցներ ևս, PR ընկերությունից էլեկտրոնային նամակ էր ստացել, որում նկարագրվում էր Եվրոպայում ռուսական ազդեցության գործողությունների մասին։ Թեպետ սա շատ գայթակղիչ էր հնչում, սակայն այն կենտրոնացած էր բացառապես մեկ մարդու՝ Վարդանյանի վրա»,- ասված է հրապարակման մեջ։
Պարբերականը հիշեցրել է, որ Վարդանյանը ներկայումս գտնվում է Ադրբեջանի բանտում։
«Չնայած 56-ամյա Վարդանյանն իր միջոցները վաստակել է Մոսկվայում և հայտնվել է Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում ռուսական ենթակառուցվածքային բիզնեսներում ներգրավվածության համար՝ նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ քաղաքականություն մտնելու և Ղարաբաղի պետնախարար դառնալու համար: Ենթադրություններ կային, որ նա պահում էր կապերը Կրեմլի հետ, սակայն Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները, վերջին հաշվով, թողեցին, որ ադրբեջանցիները կալանավորեն Վարդանյանին ու տարածաշրջանի մյուս ղեկավարներին»,- ասված է հրապարակման մեջ։
Շեշտելով, որ Վարդանյանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի, պարբերականը գրել է, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանում կատաղել են այդ առաջադրումից։
«Եվ հենց այստեղից էլ սկիզբ է առել PR արշավը, որի շրջանակում Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ աջակցություն են հայտնել այն միջնորդությանը, որը Նոբելյան մրցանակի կոմիտեին կոչ է անում Վարդանյանին ճանաչել որպես Ռուսաստանի գործակալ և բացառել նրա թեկնածությունը որպես պոտենցիալ մրցանակակիր։ Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնի անունից գործող PR ընկերության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Եվրախորհրդարանի պատգամավորներ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը և Կարեն Մելքիոն աջակցություն են հայտնել այդ հեղինակավոր մրցանակից Վարդանյանի թեկնածությունը բացառելու կոչերին։ Սակայն կա խնդիր. այդ քաղաքական գործիչները Politico-ին հայտնել են, որ իրենք նման բան չեն արել՝ ենթադրելով, որ իրենց խոսքերը միտումնավոր կերպով հանվել են կոնտեքստից և ներկայացվել են որպես աջակցություն Ադրբեջանի թեզերին»,- հավելել է պարբերականը։
Բաքվի դատարանը մայիսին երկարացրել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարված ներկայացուցիչների կալանքների ժամկետները։ Մայիսի 27-ին Բաքվի դատարանը մերժել էր Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը։ Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել նրան։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։