Նրա խոսքով՝ ևս մեկ անգամ համոզվել է, որ Հայաստանը դժվարին հարևանության մեջ է գտնվում, մարտահրավերներ կան բոլոր ուղղություններով։
«Մեզ հետ հանդիպմանը նշվեց, որ այս երկրի իշխանությունները ցանկանում են Թուրքիայի հետ վերաբացել սահմանները, որպեսզի լինի մարդկանց ազատ տեղաշարժ և խթանվի տնտեսությունը Հայաստանում։ Մենք ձեր կողքին ենք այս հարցում»,- ասել է Ուիքերը։
Նրա խոսքով՝ վերջնական նպատակն այն է, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, անվտանգություն։
«Հիմա ավելի, քան հստակ է, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը ցանկանում են խաղաղության համաձայնագիր տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուզում են այն ամբողջականացվի և ստորագրվի, սահմանազատումն ու սահմանագծումն ավարտվի, ռազմագերիներն ազատ արձակվեն»,- ասաց նա։
Իր հերթին՝ Մերիլենդից սենատոր Բին Կարդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջ մղել խաղաղության գործընթացը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն շատ գործիքներ ունի, որոնք կարողանում է օգտագործել աշխարհի տարբեր երկրների հետ հարաբերություններում։
«Չեմ ուզում նախանշել, թե ինչպես կարող ենք այդ խառը գործիքակազմն օգտագործել, բայց ԱՄՆ-ն հետաքրքրված է և ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը։ Մենք աշխատում ենք գործադիր և օրենսդիր ճյուղերի հետ, որպեսզի կարողանանք մեր ձայները լսելի դարձնել»,- ասել է նա։
Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը հայտարարել է, որ պաշտպանելու են ՀՀ սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։
Նա հորդորել է Ադրբեջանին արագացնել խաղաղության պայմանագրի կնքման, իսկ Թուրքիային՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։
«Հայաստանի մարդկանցով ես շատ եմ ոգեշնչված, դուք հարյուրավոր տարիներ այսպիսի իրավիճակների եք բախվել և կարողացել եք հաջողված դուրս գալ, և ես կարծում եմ, որ, ի վերջո, այստեղ՝ Հարավային Կովկասում, կլինի կայունություն, և դա շահավետ է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համար»,- եզրափակել է Ուիլսոնը։