Արևմտյան Աֆրիկայի երեք երկրների՝ Բուրկինա Ֆասոյի, Մալիի և Նիգերի իշխանությունները որոշում են կայացրել ձևավորել Սահելի պետությունների համադաշնություն, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով այդ պետությունների ղեկավարների հայտարարությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ երեք երկրները որոշել են ևս մեկ քայլ կատարել դեպի ավելի մեծ ինտեգրում:
«Այդ նպատակով նրանք համադաշնության ստեղծման մասին պայմանագիր են կնքել Բուրկինա Ֆասոյի, Մալիի և Նիգերի միջև»,- ասված է փաստաթղթում:
Դա տեղի է ունեցել Նիամեում կայացած Սահելի պետությունների դաշինքի առաջին գագաթնաժողովի արդյունքներով, որի աշխատանքներին մասնակցել են Բուրկինա Ֆասոյի, Մալիի և Նիգերի ղեկավարները:
Ավելի վաղ՝ 2024 թվականի հունվարի 28-ին, Բուրկինա Ֆասոն, Մալին և Նիգերը հայտարարել էին համատեղ որոշման մասին՝ հնարավորինս արագ դուրս գալ Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական հանրակցությունից (ECOWAS), որը, նրանց կարծիքով, օտար տերությունների ազդեցության տակ է՝ վերածվելով սպառնալիքի անդամ պետությունների և նրանց ժողովուրդների համար։