Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները ցույց են անցկացրել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ Արցախ վերադառնալու իրավունքը, հայտնել է Ազգային ճակատը։
Ակցիայի մասնակիցները ցուցադրել են «Պաշտպանեք սեփականության իրավունքները» և «Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարում» գրառումներով պաստառներ։
«Արցախյան բանակցությունները փորձադա՞շտ են: Ինչո՞ւ հաշվի չեք առնում մարդկանց իրավունքները։ Մեր պահանջը մեր իրավունքն է։ Մեզ ձեր քաղաքական շահերը չեն հետաքրքրում, տուժել են անմեղ մարդիկ, անմեղ բնակչությունը»,- ասել է ցուցարարներից մեկը։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։ 2023 թվականի դեկտեմբերին արցախյան ավելի քան 150 կազմակերպություններ, կուսակցություններ, լրատվամիջոցներ և հասարակական գործիչներ ստորագրել էին հայտարարություն՝ ուղղված ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպությունների՝ պահանջելով պայմաններ ստեղծել արցախցիների վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար։ Փետրվարին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է նպաստել այդ գործընթացին։