ՀՀ-ն շնորհակալ է Ֆրանսիային Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում հայ ժողովրդի կողքին կանգնելու, մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ շարունակական ջանքերի վճռական հանձնառության և անմիջական դերակատարության համար, ասվում է Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մակրոնին նաև Ֆրանսիայում պետական ամենաբարձր մակարդակով հայազգի ֆրանսիացի գործիչներին արժանին մատուցելու համար, որոնցից է «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանը, ում աճյունն այս տարվա փետրվարին Մակրոնի որոշմամբ տեղափոխվել է Պանթեոն։
«235 տարի առաջ այս օրը համաշխարհային պատմագրության մեջ ամրագրվեց ոչ միայն որպես ազատության, հավասարության և եղբայրության արժեքների գերակայության համար ֆրանսիացի ժողովրդի արդար պայքարի, այլև համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ժողովրդավարության հաղթանակի օր։ Ոգեշնչվելով համամարդկային նշանակություն ունեցող այդ բարձր արժեքներից՝ Հայոց ցեղասպանությունից փրկված և Ֆրանսիայում ապաստանած բազմաթիվ հայորդիներ ստեղծագործել, արարել և նույնիսկ իրենց կյանքն են նվիրաբերել հանուն Ֆրանսիայի, նրա ազատության և նրա դավանած արժեքների»,- ասվում է ուղերձում։
Փաշինյանը շեշտել է, որ բարձր է գնահատում երկու երկրների միջև հարաբերությունները, «որոնք խարսխված են դարերի փորձությունները հաղթահարած և թրծված անկեղծ բարեկամության, ինչպես նաև քաղաքակրթական ու արժեքային ամուր հիմքերի վրա»։
«Այդ հարաբերությունների բնույթի և բովանդակության մասին են փաստում բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսությունն ու բոլոր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությունը՝ հնարավորություն տալով նախանշել մեր պետությունների միջև ռազմավարական համագործակցության զարգացման ուղիները»,- նշել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը վերահաստատել է իր հրավերը Մակրոնին՝ պետական այցով այս տարվա սեպտեմբերին ՀՀ ժամանելու մասին։
Փաշինյան-Մակրոն վերջին հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա փետրվարին, երբ վարչապետը Փարիզ էր մեկնել մասնակցելու «Դիմադրության» շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Փարիզի պանթեոնում ամփոփելու արարողությանը։