Դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են։ Քննելով Արդարադատության նախարարության հարուցած կարգապահական վարույթը՝ ԲԴԽ-ն այսօր հուլիսի 16-ին կայացած նիստում նման որոշում է կայացրել։
Ըստ ԱՆ-ի՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատվել են պատասխանատվությունից:
Դատական իշխանությունից հայտնում են, որ ԲԴԽ որոշումն ընդունվել է միաձայն, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
«ԲԴԽ-ն հարկ է համարել ընդգծել, որ երկար ձգձգված ու վաղեմության ժամկետի ավարտման հիմքով կարճված Քոչարյանի գործն ուներ բացառիկ կարևորություն թե՛ վարույթում ներգրավված անձանց շրջանակի կարգավիճակով, թե՛ նրանց մեղսագրվող արարքների քրեաիրավական բնույթով և ծանրության աստիճանով: Հետևաբար, Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում ՀՀ դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարևոր գործերից մեկով և պետք է արդյունավետ կազմակերպեր և ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ դատավարությունը տևել է 4 տարի 4 ամիս, ինչը, խորհրդի համոզմամբ, տեղի է ունեցել, քանի որ դատավորը պատշաճ չի կատարել օրենքով իրեն վերապահված պարտականությունները:
«Դանիբեկյանը չի օգտվել օրենքով նախատեսված գործիքակազմից, չի խափանել միատեսակ միջնորդությունների ներկայացմամբ դրսևորվող իրավունքի չարաշահումը, տարբեր անհարգելի պատճառներով մի շարք դատական նիստերին չներկայանալու վարքագիծը կանխելու համար դատավարական հարկադրանքի համաչափ միջոցներ և սանկցիաներ չի կիրառել: Բացի այդ, դատավորը արդարադատության շահի ապահովման և անհրաժեշտ արդյունավետ քննության համար չի առանձնացրել և առանձին վարույթներով չի քննել մեղադրանքների բնույթով և հանցագործությունների սուբյեկտներով միմյանցից տարբեր գործերը»,- հայտնում են Դատական իշխանությունից։
Ըստ հայտարարության՝ անգործության տարբեր դրսևորումներով դատավոր Դանիբեկյանը նպաստել է Քոչարյանի գործով օրենքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալուն և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարացնելուն, ինչով իսկ խաթարել է քրեական արդարադատության շահը, նպատակը և բուն էությունը, իսկ այս ամենի ադյունքում հեղինակազրկվել է դատական իշխանությունը: