«Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքի նախաքննությունն ավարտվել է, 5 անձի կալանավորելու որոշում է կայացվել, հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ռազմամթերքի և այլ նյութերի ապօրինի շրջանառության նախապատրաստություն)։
Ըստ ՔԿ-ի՝ հիմնավորվել է, որ մի խումբ անձինք, ունենալով «հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով ՀՀ կառավարության կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, 2023թ․ մայիսին նպատակադրվել են իրականացնել անձի առողջությանը վնաս պատճառելու, կյանքից զրկելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված պայթյուններ, զավթել և պահել շինություններ, հաղորդակցության միջոցներ»։
«Նրանք նպատակադրվել են այդկերպ ահաբեկել բնակչությանը, դրա առանձին խմբերին, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը, հանրային իշխանության ներկայացուցիչներին, պետական և հանրային ծառայողներին հարկադրել կատարել իրենց պահանջները, այդ թվում՝ դադարեցնել լիազորությունների հետագա իրականացումը:
Խմբի անդամները 2023թ․ մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում փնտրել են առավելապես զինվորական ծառայություն անցած համախոհներ, ինչպես նաև՝ պայթուցիկ սարքեր, նյութեր պատրաստելու գիտելիքներ ունեցող անձանց, պլանավորել են ստեղծել խմբեր՝ տարբեր շինությունների, օբյեկտների վրա հարձակվելու համար։ Որոշել են հանրավտանգ գործողությունները մի քանի վայրերում կատարել միաժամանակ»,- հավելել են ՔԿ-ից։
Նշվում է, որ նրանք թիրախավորել են որոշակի ռազմավարական նշանակություն ունեցող շենք-շինություններ, որոշել հանրավտանգ գործողությունները մի քանի վայրերում կատարել միաժամանակ:
ՔԿ-ի տվյալներով՝ մշակվել և գրի է առնվել «Հյուսիսային տերևաթափ» վերտառությամբ հանրավտանգ գործողությունների հակիրճ ծրագիր, որը հայտնաբերվել է խմբի անդամներից մեկի հագուստի գրպանում:
Հանցավոր խումբը, իր կամքից անկախ հանգամանքներով, չի կարողացել իրագործել հանցավոր մտադրությունը, քանի որ բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
«Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքն ԱԱԾ-ն բացահայտել էր 2023-ի նոյեմբերին։