ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, դրա արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Առաջարկվող կարևոր փոփոխություններից է էլեկտրոնային թեստավորման եղանակով ատեստավորում իրականացնելու ընթացակարգը, ըստ որի՝ ատեստավորումն ըստ առարկաների կիրականացվի էլեկտրոնային թեստավորման, անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով»,- հայտնում է գերատեսչությունը:
Կարգն այսպիսին է․ առաջարկվող կարևոր փոփոխություններից է էլեկտրոնային թեստավորման եղանակով ատեստավորում իրականացնելու ընթացակարգը, ըստ որի՝ ատեստավորումն ըստ առարկաների կիրականացվի էլեկտրոնային թեստավորման, անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով:
Ըստ նախագծի՝ էլեկտրոնային համակարգի միասնական բազայից մասնակցի համար կձևավորվի թեստ, և կտրվի աշխատանքի մեկնարկը։ Աշխատանքն ավարտելուց հետո մասնակիցը կսեղմի թեստի ներքևում ստեղծված «Ավարտել» կոճակը, որից հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կձևավորի ամփոփաթերթ, որտեղ կնշվեն մասնակցի կողմից յուրաքանչյուր առաջադրանքին ճիշտ պատասխանների տոկոսային հարաբերությունը: Ակնկալվում է, որ այս փոփոխությունը կնպաստի ռեսուրսների և ժամանակի ավելի արդյունավետ օգտագործմանն ու արդյունքների բարելավմանը։
Ընդգծվում է, որ նախագծով կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող անձինք: Ատեստավորումը հաջողությամբ անցնելուց հետո տվյալ անձինք հնարավորություն կստանան մասնակցելու ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթներին:
Փետրվարի 9-ին ԿԳՄՍՆ-ն հայտարարել էր, որ բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար կկազմակերպվի լրացուցիչ կամավոր ատեստավորում։ Կառավարության մայիսի 2-ի նիստում Անդրեասյանը հայտնել էր, որ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները վերապատրաստման համար փոխհատուցում կստանան։