Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար կկազմակերպվի լրացուցիչ կամավոր ատեստավորում, հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ, մանրամասնել է նախարարությունը։
Ատեստավորումն ըստ առարկաների կիրականացվի գրավոր եղանակով՝ բոլոր առարկաներից: «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչները՝ միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, Պատմություն դասավանդող ուսուցիչներ՝ «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում։
5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն», «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների և դասվարների, ինչպես նաև «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների և խմբակավարների ատեստավորումը կիրականացվի թեստավորման եղանակով:
«Բնագիտություն» և «Հայրենագիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են բարձրագույն կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:
Ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասվարների համար թեստերը կարող են կազմվել ռուսերենով:
ատեստավորմանը մասնակցելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում (at.emis.am) 2024 թվականի փետրվարի 12-ից մինչև փետրվարի 21-ը` ժամը 24:00-ը ներառյալ:
Ատեստավորման հայտ ներկայացնելիս անհրաժեշտ է տրամադրել հետևյալ տեղեկատվությունը՝
1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը.
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը). չաշխատողի դեպքում տվյալ նշումը չի արվում.
3) առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (ՀՀ կառավարության 2022 թ. ապրիլի 28-ի 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման (առկայության դեպքում) իր բազային կրթության կամ նույն կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան).4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.
5) անձի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը.
6) կրթությունը հավաստող փաստաթուղթը:
Ուսուցիչները հունվարի 9-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ԿԳՄՍՆ դիմաց՝ բողոքելով, որ իրենց աշխատանքից հանում են։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշակի փուլից ատեստավորում չանցած ուսուցիչներն այլևս դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա և ռազմավարական ուղղություն էր համարել ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումն ատեստավորման միջոցով: