Հայաստանի իշխանությունները գիտեին 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի զինված ուժերի առաջիկա հարձակման մասին, 168.am-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը։
«Իրենք գիտեին և ասում էին, որ որևէ կերպ չեն միջամտելու այդ գործընթացին։ Նրանք նախապես զգուշացրել էին, այսպես ասած, ասել էին այդպես արտահայտվել, որ չեն միջամտելու այս գործընթացին»,- նշել է Անանևը։
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանն ադրբեջանական հարձակման նախաշեմին փորձել է կանխել էսկալացիան, սակայն ԱՄՆ-ն դեմ է արտահայտվել։
«Սեպտեմբերի 19-20-ի Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից երեք օր առաջ՝ սեպտեմբերի 16-17-ին, Ամերիկայի, Եվրոպայի և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել էին Թուրքիայում, որտեղ Ռուսաստանը փորձել է պայմանավորվել, որ դա (հարձակումը – խմբ.) տեղի չի ունենա։ Ամերիկացիները չեն համաձայնվել, դա նրանց պետք չէր. նրանց պետք է պատնեշ բոլոր միջանցքների համար, որոնք անցնում են Հայաստանով»,- ասել է ՌԴ ԱԳՆ նախկին խորհրդականը։
Հայաստանի խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, մեկնաբանելով Անանևի խոսքերը, ասել է, որ նրա հայտարարությունը Մոսկվայի՝ էսկալացիայի կանխարգելման փորձի մասին «չի արդարացնում ՌԴ անկարողությունը` Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմը չկասեցնելու կամ ավելի վաղ փուլում չկանգնեցնելու առումով»։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն «ամենաբարձր մակարդակով խոստովանել են, որ դեռ 2018 թվականին էին ցանկանում հանձնել Արցախը», իսկ միջազգային դերակատարները փորձում են արդարանալ, թեև ժամանակին լուրջ քայլեր չեն ձեռնարկել շրջափակումը, պատերազմը և հայերի արտագաղթը Ղարաբաղից կանխելու համար։
«Հիմա բոլորը փորձում են արդարանալ, պատասխանատվությունը միմյանց դաշտ փոխանցել, տպավորություն ստեղծել, թե պայքարում են արցախցիների իրավունքների վերականգնման կամ հումանիտար խնդիրների վերացման շուրջ, իսկ իրականում՝ նրանց թույլտվության ու լուռ համաձայնության ներքո, Ադրբեջանը նախ 2020-ին լայնամասշտաբ գործողություններ ձեռնարկեց Արցախի դեմ, 2021-22-ին` արդեն ՀՀ-ի դեմ ագրեսիայի դիմեց, իսկ 2023-ին ուժի միջոցով ամբողջությամբ օկուպացրեց Արցախը»,- գրել է Աբրահամյանը:
Հունիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր ամենամեծ ձախողումը համարում է 2018 թվականին ժողովրդին չասելը, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող անկախանալ կամ դառնալ Հայաստանի մաս, թեև ինքը գիտեր այդ մասին։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել է 100 հազարը։ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարին հայտարարել էր, որ սեպտեմբերյան ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղում 223 հայ է զոհվել։