Հուլիսի 27-ին Շիրակի մարզի Հայկավան գյուղում տեղի կունենա «Հատապտուղների փառատոն» (Berry Festival 2024)։
«Փառատոնի կարևորագույն նպատակը ֆերմերների, արտադրողների, վերամշակողների, գնորդների և տարբեր կազմակերպությունների ու հնարավոր ներդրողների հանդիպումն է, փորձի փոխանակումն ու համագործակցությունը՝ նպաստելով Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը, հատապտուղների մշակության արժեշղթայի կայացմանը»,- ասվում է փառատոնի նկարագրության մեջ։
Փառատոնին մասնակցելու են ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ Շիրակի և հարակից մարզերի մի շարք համայնքներից:
Կազմակերպիչները նշում են, որ միջոցառման ընթացքում կլինի նաև հատուկ մրցանակաբաշխություն և ցուցադրողներին կտրվեն պատվոգրեր ու մրցանակներ: Տոնը կուղեկցվի բնական ու ավանդական գյուղմթերքի տոնավաճառով, հյուրասիրությամբ, ինչպես նաև ավանդական համերգային ծրագրով` երգիչների, երաժիշտների ու մշակութային փոքր խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, խաղերով, վարպետաց դասերով ու պարային համարներով։
Սկիզբը՝ ժամը 12։00-ին։