Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել են ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը, որի բացումը պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հայաստանի օլիմպիական պատվիրակության դրոշակակիրները են բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը: Խաղերին Հայաստանը կունենա 15 ներկայացուցիչ` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ըմբիշներ Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը, Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:
Ընդհանուր առմամբ Փարիզում ներկայացված կլինեն 206 օլիմպիական թիմերի 10,500 մարզիկներ։
Հայաստանի առաջին ներկայացուցիչները Փարիզ-2024-ում պայքարը կսկսեն հուլիսի 27-ին: Որակավորման փուլերում հանդես կգան մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանն ու հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:
Էլմիրա Կարապետյանը պատմության մեջ Հայաստանի առաջին ներկայացուցիչն է, որը մասնակցել է օլիմպիական ջահի փոխանցումավազքին: