Սենայի երկայնքով օլիմպիական հավաքականների շքերթում հայ մարզիկների անցնելու ժամանակ հաղորդավարի հնչեցրած խոսքերի համար Ադրբեջանը մտադիր է բողոքել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ)։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, France-2 հեռուստաալիքի ուղիղ եթերում հաղորդավարը հիշատակել է անցած տարի տեղի ունեցած Ադրբեջանի հարձակումն ու Արցախի գրավումը։
«Իհարկե, հայերը մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիներին հոգեհարազատ երկիր է։ Անցած տարին Հայաստանի համար սգո տարի էր և հանգեցրեց Ղարաբաղի կորստին, որն անցավ ադրբեջանական բանակի ձեռքը»,- ասել էր հաղորդավարը։
Ամառային Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հուլիսի 26-ին տեղի էր ունեցել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։
Հայաստանը 15 մարզիկ է ուղարկել Փարիզի ամառային օլիմպիական խաղերին։