Ադրբեջանը բողոքի պաշտոնական նամակ է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ Օլիմպիական խաղերի բացման ժամանակ France2 հեռուստաալիքի եթերում հայամետ հայտարարությունները որակելով որպես «սադրանք», գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանում սրտնեղել են France2-ի թղթակցի հայտարարություններից, որն Ադրբեջանին մեղադրել էր Հայաստանի հետ բախումների համար, իսկ Հայաստանին անվանել Ֆրանսիայի բարեկամ։ Թղթակիցը հիշատակել էր նաև Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա։
Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը և ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարությամբ նշել են, որ թղթակիցը խախտել է Օլիմպիական խարտիայի հիմնարար սկզբունքները։
Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանից խաղերին մասնակցում է 15 մարզիկ։ Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը (օղակ վարժություն) և Արթուր Դավթյանը (հենացատկ վարժություն), հաղթահարելով որակավորման փուլը, հուլիսի 27-ի անցել էին Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ։