Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարճաժամկետ կտրվածքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ չի կանխատեսում։ Այդ մասին նա հայտնել է Armenia Today-ին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքներին և հայկական կողմից հրադադարը խախտելու մասին ապատեղեկատվությանը։ Միաժամանակ նա չի բացառել սահմանափակ ուղղություններով ադրբեջանական գործողությունները կամ ագրեսիան։
«Լայնամասշտաբ ռազմական գործողություններ կարճաժամկետ կտրվածքով այդքան էլ հավանական չեմ համարում։ Իհարկե, որոշակի սահմանափակ ուղղություններով ադրբեջանական գործողություններ կամ ագրեսիան չեն բացառվում, բայց լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունը գոնե կարճ ժամկետում նկատելի չէ։ Ադրբեջանը փորձում է իրեն ապահովագրել, միջազգային հանրությանը ցույց տալ, թե Հայաստանն անընդհատ որոշակի ագրեսիայի էլեմենտներ է ցուցաբերում առաջնագծում»,- ասել է Աբրահամյանը։
Բաքվի նոր սպառնալիքներն Աբրահամյանը կապել է սեղմ ժամկետներում ՀՀ-ի կողմից իր պահանջներն առավելագույնս բավարարելու նպատակի հետ։
«Ադրբեջանն ակնհայտորեն շտապում է, փորձում է օգտագործել Հայաստանի իշխանությունների՝ «նոկդաուն» եղած վիճակը, ու հասնել իր պահանջների մաքսիմալ բավարարմանը»,- ընդգծել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների սերտացումը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, առնվազն այս պահին ոչ միայն չի զսպում Ադրբեջանին, այլև զուգահեռաբար նոր ռիսկեր է առաջ բերում։
«Հայաստան-Արևմուտք համագործակցությունը գոնե այս պահին չի ստեղծել այնպիսի երաշխիք, ինչն Ադրբեջանի համար կարող է զսպող լուրջ գործիք լինել։ Ավելին, երբ այդ ամենն արվում է այլ համակարգերի փլուզման հաշվին, բնականաբար, այս տեսանկյունից իրավիճակը մեզ համար շատ ավելի բարդ է դառնում։ Ամբողջության մեջ դեռ պարզ չէ, թե միջազգային դերակատարներն ինչպիսի դեր կստանձնեն մեր տարածաշրջանի երկարատև խաղաղության և կայունության համար։ Այդ մասին շատերը հայտարարում էին նաև 2020-ի 44-օրյա պատերազմից, 2023-ին Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից առաջ, սակայն վերջնարդյունքում պարզ դարձավ, որ որևէ դերակատար զսպող գործոն չի եղել»,- նկատել է Աբրահամյանը։
Պատգամավորի կարծիքով՝ Բաքվում նոյեմբերին կայանալիք Կլիմայի փոփոխության COP29 համաժողովն Ադրբեջանը կարող է երկու տեսանկյունից օգտագործել։
«Ադրբեջանն այդ համաժողովը երկու ձևով էլ կարող է օգտագործել։ Եթե Ադրբեջանին շատ անհրաժեշտ լինի որևէ գործողության գնալ, ապա կարող է այդ հանգամանքն օգտագործել որպես ալիբի՝ ցույց տալու, որ այդ պայմաններում երբևէ ագրեսիայի չէր գնա։ Մյուս կողմից էլ ադրբեջանական կողմը համարում է, որ այդ համաժողովն իր համար պատմական հնարավորություն է։ Կարելի է ասել, որ գոնե մինչև այդ համաժողովը, ինչպես նաև դրան հաջորդող կարճ ժամանակահատվածում Ադրբեջանը կփորձի զերծ մնալ որևէ ագրեսիայից»,- եզրափակել է խմբակցության քարտուղարը։
Հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացվել էր «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Հուլիսի 22-ի նիստում ԵՄ Խորհուրդը որոշել էր 10 մլն եվրո հատկացնել ՀՀ զինված ուժերին պաշտպանության բարելավմանը նպաստելու համար: Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր ռազմատեխնիկական համագործակցության շուրջ Փարիզի հետ նոր պայմանավորվածությունների մասին։ Հուլիսի 25-ին Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին պատերազմով էր սպառնացել՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ինչպես նաև Ֆրանսիայի կողմից ուղղված աջակցության շարունակության դեպքում։ ՀՀ ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել էր, որ Երևանին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Բաքվի փորձերն անընդունելի են։