Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է հայ-թուրքական սահմանը բացելու նախապայմանը։ Այդ մասին նա ասել է թուրքական ԶԼՄ-ներին։
«Կարող ենք բացել Հայաստանի հետ սահմանը, եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն»,- ասել է նա։
Թուրք նախարարը խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի հնարավոր սցենարի մասին։
«Մենք նաև պետք է պատրաստենք մեր սցենարը հարաբերությունների կարգավորման դեպքում»,- հավելել է Ֆիդանը։
Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 30-ին՝ երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ կողմերը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը։
Ռուբինյանն ու Քըլըչը մինչ այդ չորս հանդիպում էին ունեցել. մեկը՝ Մոսկվայում, երեքը՝ Վիեննայում: 4-րդ հանդիպմանը, որը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին, նրանք պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Քըլըչը, սակայն, 2023-ի մարտի 2-ին հայտարարել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Ռուբինյանը հունիսի 11-ին հայտնել էր, որ նշված պայմանավորվածության ուղղությամբ հայկական կողմը «Թուրքիայից քայլեր չի տեսնում»։