Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 5։3 հաշվով առավելության է հասել կուբացի Գաբրիել Ռուսիլոյի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ։
Վերջին անգամ Արթուրը հանդիպել էր Ռուսիլոյի հետ 2023 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում, որտեղ վերջին վայրկյաններին 3:3 հաշվով պարտվել էր։
Ալեքսանյանի մրցակիցը եզրափակչում կլինի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2021 թվականի չեմպիոն և կրկնակի բրոնզե մեդալակիր, իրանցի Մոհամմադհադի Սարավին։
Ալեքսանյանը քառորդ եզրափակչում 9:5 հաշվով առավելության էր հասել ուզբեկ Ռուստամ Ասակալովի նկատմամբ։
32-ամյա Ալեքսանյանն աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն է։ Նա 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, 2016-ի ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերում արծաթե մեդալակիր էր դարձել։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանը 15 մարզիկ է ուղարկել Փարիզի ամառային օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերում հաղթած հայ մարզիկները պետությունից կստանան 25 մլն դրամ (ավելի քան 64 հազար դոլար)։