2023 թվականի սեպտեմբերին Բաքվի կողմից գերեվարված, Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 3 գործչի առողջական վիճակը վերջին օրերին կտրուկ վատացել է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Վերջին օրերին դարձյալ կտրուկ վատացել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի առողջական վիճակը»,- հայտնել է թերթը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Մնացականյանի մոտ շաքարային դիաբետով պայմանավորված լուրջ խնդիրներ են առաջացել, հիվանդությունը Բաքվի բանտային պայմաններում ավելի է սրվել։
«Սահակյանն էլ արյան ճնշման ու սրտանոթային լուրջ խնդիրներ ունի: Վարդանյանի ընտանիքը դեռ ապրիլին էր հայտարարել, որ վերջինս հացադուլ է իրականացնում՝ պահանջելով բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը: Հացադուլի ու պահման վատ պայմանների պատճառով Վարդանյանի առողջական վիճակը ևս վատթարացել է: Հարությունյանն իր հարազատների հետ խոսակցության ժամանակ հասկացրել է, որ հույսները կտրեն իրենց վերադարձի հետ կապված ու ապրեն առանց իրենց»,- գրում է թերթը:
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին թերթին հայտնել է, որ վերձին անգամ կազմակերպության ներկայացուցիչները նրանց տեսակցել են հուլիսին։
«Մեր ուշադրության կենտրոնում է և շարունակում է մնալ այս անձանց առողջական վիճակը, նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները»,- ասել է Ամատունին:
Բաքվի դատարանը մայիսին երկարացրել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարված գործիչների կալանքների ժամկետները։ Մայիսի 27-ին Բաքվի դատարանը մերժել էր Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը։ Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել նրան։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Սահակյանը, Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, ԱՀ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։