Կպատրաստվեմ հաջորդ Օլիմպիական խաղերին, «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին հայտարարել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։ Նա այսպես է մեկնաբանել իր արդյունքները Փարիզում կայացած Օլիմպիական խաղերում, որտեղ կիսաեզրափակչում 1։3 հաշվով պարտվել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կուսակային, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում 6։5 հաշվով հաղթել էր հայազգի ուզբեկ ըմբիշ Արամ Վարդանյանին։
Նա նշել է, որ Օլիմպիական խաղերին մեկնել էր միայն հաղթող ճանաչվելու համար, սակայն ճիշտ չկարողացավ դասավորել գոտեմարտը, որը բերեց պարտության։
«Այս անգամ չստացվեց, կփորձեմ մյուս Օլիմպիական խաղերին մեդալիս գույնը փոխել ոսկեգույնի։ Մինչ այդ կլինեն Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, չեմ ուզում շտապել, առաջ ընկնել»,- ասել է ըմբիշը։
Նա նշել է, որ թեև նպատակն այլ էր, բայց ուրախ է, որ կարողացավ գոնե մեդալով վերադառնալ հայրենիք։
Խոսելով մրցավարության մասին՝ Ամոյանը նշել է, որ բացի իր գոտեմարտերից, մյուս հայ ըմբիշների բոլոր մրցապայքարներում կողմնակալություններ կային։
«Արթուրի գոտեմարտը շատ սխալ դատեցին, այսօր կարող էր ոսկե մեդալակիր լինել։ Բացի ինձնից, բոլորի գոտեմարտերում կողմնապահություններ կային, որոնք ճակատագրական դարձան»,- հավելել է նա։
ԿԳՄՍ նախարարությունն օգոստոսի 9-ին հայտնել էր, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի արդյունքները։ Օգոստոսի 12-ին գոտեմարտի արդյունքների հարցով Հայաստանը դիմել էր ՄՕԿ-ին։
Փարիզի Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Օլիմպիական խաղերի մրցապայքարի եզրափակչում իր տեղը զիջել էր իրանցուն ու դարձել արծաթե մեդալակիր։
Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։ Օգոստոսի 11-ին ծանրորդ Վարազդատ Լալայանն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր դարձել։
Մանրամասները՝ տեսանյութում։