Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այժմ՝ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով-խմբ․) նախկին նախագահ Արտակ Շաբոյանին և նրա հետ փոխկապակցված անձանց ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն են հրավիրել, տեղեկանում ենք Azdarar.am պաշտոնական հայտարարությունների կայքից։
Ծանուցման մեջ նշված է, որ Շաբոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա նրա հետ փոխկապացված Անի Շաբոյանի, Մարիետա Մանուկյանի և Քրիստինե Եղիազարյանի անուններով հաշվառված գույքերը հանդիսանում են բռնագանձման առարկա:
Շաբոյանը ՏՄՊՊՀ-ն ղեկավարել էր սկսած 2010 թվականից։ Պաշտոնից հեռանալու որոշում էր կայացրել 2019-ին։