Հարավային Կովկասում ԱՄՆ ազդեցության ընդլայնման հետ կապված Իրանի անհանգստության պատճառները կարող են լինել և՛ Երևանի նկատմամբ անվստահությունը, և՛ Վաշինգտոնի կողմից Թեհրանի համար նշանակալի հետախուզական տվյալներ ստանալու վտանգը, ասել է Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա այսպես է մեկնաբանել Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանիի խոսքերը, թե Թեհրանը մտահոգություն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ կապված տարածաշրջանում ԱՄՆ ներկայության հետ։
«Իրանի անհանգստության բազմաթիվ պատճառներ կարող են լինել` ՀՀ իշխանության նկատմամբ անվստահությունից մինչև հետախուզական տվյալներ, որոնք խոսում են ԱՄՆ դերակատարման այնպիսի ընդլայնման մասին, որն Իրանի համար սպառնալիք է դիտվում»,- գրել է պատգամավորը:
Աբրահամյանն ակնհայտ է համարել Հայաստանում ԱՄՆ ազդեցության աճը և նշել, որ Իրանի մտահոգությունները պետք է հիմնավորվեն, քանի որ Վաշինգտոնը Երևանի հետ շահավետ համագործակցության երկար տարիների փորձ ունի։
«Մյուս կողմից՝ ԱՄՆ-ն Հայաստանի հետ լավ, երկուստեք շահավետ համագործակցության երկար տարիների փորձ ունի, ԱՄՆ-ում հայկական Սփյուռքն իրեն բավականին կոնֆորտ է զգում, ի վերջո, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե իր արտաքին քաղաքականությունն ինչպես կառուցի կամ ում հետ համագործակցի»,- նշել է նա:
Օգոստոսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել էր Հայաստանին զենք վաճառելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին հաղորդումները և հայտարարել Թեհրանի թերահավատ վերաբերմունքը տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության դերի նկատմամբ։ Նա մատնանշել էր տարածաշրջանում ամերիկյան կառավարության ապակայունացնող ազդեցությունը և Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ անվանել «բարեկամական և կառուցողական»։ Նրա խոսքով՝ Երևանն ու Թեհրանը համակողմանի հարաբերություններ զարգացնելու ընդհանուր կամք ունեն։