ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին՝ ասելով, որ «վերադարձի դռները բաց են»։
«Վերջին հաշվով՝ ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա փորձարկվել է ոչ թե տարիներ, այլ դարեր շարունակ։ Դա գնահատվում է հայ ժողովրդի կողմից և այն, ի դեպ, արձանագրված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- նշել է ռուս դիվանագետը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), սակայն չի արգելափակում նրա որոշումները։ Հունիսի 13-ին Փաշինյանը Հայաստանի խորհրդարանում 2023 թվականի բյուջեի կատարման քննարկման ժամանակ ասել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Փաշինյանն այդ կազմակերպության նկատմամբ վերաբերմունքը փոխելու պայման էր համարել Բելառուսի դուրս գալը դրանից, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդից՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու խոսքերի համար։
Օգոստոսի 20-ին ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել էր ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հանդեպ պարտավորությունների անփոփոխության մասին։