Դատարանը տնային կալանքի ու բացակայելու արգելքի է ենթարկել Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի դայակին և բուժքրոջը՝ հաստատության երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն։
Նշվում է, որ դեպքի մասին իրավապահներին ահազանգել է հաստատության տնօրենը։ Իրավապահները պարզել են, որ աշխատակիցներն, օգտվելով այն հանգամանքից, որ երեխաներն իրենց հիվանդության, տարիքի, ֆիզիկապես թույլ լինելու և հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված չեն կարող պաշտպանվել, իրենց հերթափոխի ընթացքում՝ 2024 թվականի մարտի 7-15-, կոպիտ վերաբերմունք են դրսևորել երեխաների նկատմամբ։ Նման գործողություններ բուժքույրը իրականացրել է նաև օգոստոսի 11-ին։
Գերատեսչությունից հայտնում են, որ աշխատակիցները ձեռքերով, ոտքով հարվածել են նրանց, հրել, զգեստի ետնամասից բռնած մի քանի անգամ թափահարել, քաշքշել, կոպիտ կերպով գցել են մանեժի մեջ՝ սահմանափակելով նրանց տեղաշարժը։ Նշված երեխաները 7-10 տարեկան են, ունեն «Ռուբենշտեյն Թեյբի համախտանիշ» և «Դաունի համախտանիշ»։
ՔԿ-ն հանրային քրեական հետապնդում է հարուցել հաստատության աշխատակիցների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը անչափահասի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 7 տարի ժամկետով) և 6-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 7 տարի ժամկետով) կետերով:
Օգոստոսի 8-ին հայտնել էինք, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի նախակրթարանի դաստիարակը մեղադրվում է սաներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնության դեպք էր գրանցել նաև Արարատի մարզում։ Հուլիսի 26-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծում էր երեխային։ Ոստիկանները պարզել էին, որ դեպքը տեղի էր ունեցել այս տարվա մայիսին՝ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում, բերման էր ենթարկել մանկապարտեզի 45-ամյա աշխատակցուհին։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել։