ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրվելու դեպքում մտադիր է ԱՄՆ-ի տիեզերական ուժերի ազգային գվարդիա ստեղծել, հայտնել է Military Times-ը։
«Եկել է Տիեզերական ազգային գվարդիան ստեղծելու ժամանակը՝ որպես ԱՄՆ տիեզերական ուժերի հիմնական մարտական ռեզերվ: Երբ նախագահ դառնամ, կստորագրեմ այն սահմանող պատմական օրենքը»,- Դետրոյթում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ ասել է Թրամփը:
Հանրապետական թեկնածուն հիշեցրել է, որ իր առաջին նախագահական ժամկետում ստեղծել է ԱՄՆ տիեզերական ուժերը։ Թրամփը դա անվանել է այն ձեռքբերումներից մեկը, որով հպարտանում է։
«Ռուսաստանը և Չինաստանը տիեզերքում ոչնչացնում էին մեզ, քանի որ կենտրոնացած չէինք և այժմ, երբ կենտրոնացած ենք, մենք առաջատար ենք»,- բացատրել է Թրամփը:
Նա նաև խոստացել է «պատմական ներդրումներ» կատարել ԱՄՆ-ի բանակի հզորացման համար։ Խոսքը, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի արտադրության, ռոբոտաշինության, արհեստական ինտելեկտի և հիպերձայնային զենքի ստեղծման մասին է, գրել է լրատվականը։