Կառավարությունը հավանություն է տվել Հայաստան-ԱՄՆ մաքսային մարմինների փոխօգնության մասին համաձայնագրի վավերացմանը։ Որոշումն ընդունվել է կառավարության օգոստոսի 29-ի նիստում։
Համաձայնագիրն ստորագրվել էր հունիսի 11-ին՝ Երևանում կայացած Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության եզրափակիչ հանդիպման ժամանակ։
Ըստ նախագծի՝ ծրագրի նպատակն է լուծել այն խնդիրները, որոնք ծագում են տեղեկատվության փոխանակման և հարցումների ընթացքում երկու երկրների մաքսային ծառայությունների միջև միջազգային փաստաթղթի բացակայության պատճառով:
Ըստ նախագծի՝ համաձայնագիրը հիմք է ստեղծում մաքսային ոլորտում երկու երկրների մաքսային ծառայությունների միջև ակտիվ համագործակցության ձևավորման, երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փոխշահավետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման համար։
Հունիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երկու երկրների միջև ռազմավարական երկխոսության եզրափակիչ հանդիպման ժամանակ հայտարարել էր ԱՄՆ-ի հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության վերածելու ծրագրերի մասին։
Հայաստանն ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսություն էր սկսել 2022 թվականի մայիսին՝ Միրզոյանի՝ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո։