Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոցի բացման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»,- ասել է Փաշինյանը:
Նա հավելել է՝ երբ ասում են, որ Կիրանցում դպրոց գնալն անվտանգ է, դա ինքնին պետք է նշանակի, որ ադրբեջանական Խեյրիմլի գյուղում ևս դպրոց գնալը նույնքան և նույնպես անվտանգ է:
«Նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, այս պահին այնտեղ սովորում է 36 աշակերտ: Այն ունի նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Փաշինյանի՝ իշխանությունները «Հայաստանի անկախ, ինքնիշխան, սուվերեն, ուժեղ, խաղաղ պետության առաջին լրջագույն անկյունաքարը դրել են Կիրանցում»:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հաշվարկներով՝ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման շրջանակներում Հայաստանը Բաքվին էր զիջել 2 տուն և 57 հողամաս, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները։ Մոտ 15 տուն հայտնվել էր ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո և անմիջապես սահմանին։
Կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան։ Մայիսի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը շահագործման կհանձնվի 2 ամսից։