Երևան-Մեղրի ավտոճանապարհին 2 երեխայի մահվան և 3 վիրավորի պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները պարզելու համար Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, հայտնում են ՔԿ-ից։
Քրվարույթը 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով է (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության, տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 8 տարի ժամկետով)։
ՔԿ-ն պարզել է, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, Mersedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 70.5-րդ կիլոմետրի հատվածում բախվել է դիմացից ընթացող ZIL մակնիշի բեռնատարի հետնամասին, որի հետևանքով Mersedes-ի ուղևոր 10 տարեկան աղջիկ երեխան տեղում մահացել է, իսկ 3 ամսական տղան մահացել է «Արարատ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին։
ՔԿ-ն տեղեկացրել է, որ մահացած երեխաները Mersedes-ի վարորդի զավակներն էին։
«Mersedes-ի վարորդը և 2 ուղևոր, որոնցից մեկը՝ վարորդի կինը, մյուսը՝ 5-ամյա դուստրը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Մոր վիճակը ծայրահեղ ծանր է, դստեր վիճակը՝ ծանր»,- հավելել են ՔԿ-ից։
Վարորդները, ՔԿ-ի փոխանցմամբ, գտնվել են սթափ վիճակում։
Ավտովթարի մասին սեպտեմբերի 3-ին գրել էր Shamshyan.com-ը։