Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքուն որևէ պարտավորություն չունի ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին։ Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանը «բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին» և «պարտավորություն չունի ազատ արձակել ռազմական հանցագործներին»։
Բաքուն կրկին «անընդունելի» է անվանել խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածները ստորագրելու Երևանի առաջարկը։ Կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում «հստակ նշված է, թե ինչ պարտավորություններ է կրում Հայաստանը»։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Երևանյան երկխոսություն» համաժողովում, հայտարարել էր, որ ներկայումս Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, պատանդներ և այլ պահվող անձինք, որոնք մինչև օրս չեն վերադարձվել։ Փաշինյանը շեշտել է, որ այս դրույթը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա, որը չի կատարվել:
Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի այս պահի դրությամբ առկա արդյունքներով՝ 13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս 3 հոդվածներ, որոնք բաղկացած են հիմնականում 2 նախադասությունից, մասնակի համաձայնեցված են։ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ առաջիկայում ստորագրել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի համաձայնեցված տեքստը:
Նա հիշեցրել է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ տարածքով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման անվտանգության գործառույթը վերապահվել է Հայաստանին: Վարչապետը շեշտել է, որ եռակողմ հայտարարության մեջ չկա դրույթ, որ ՀՀ որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն: