«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանդիպման ժամանակ իշխանությունը բացատրել է, թե ինչու է Ադրբեջանին առաջարկել խաղաղության պայմանագիր կնքել համաձայնեցված կետերի վերաբերյալ, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Հայաստանն իր առաջարկով Ադրբեջանին ստիպում է գնալ այդ քայլին՝ պատռելով նրա ագրեսորի դիմակը։
«ՔՊ-ի վերջին նիստերից մեկում թեպետ իրենց չեն ներկայացրել չհամաձայնեցված դրույթները, սակայն ՀՀ պատրաստակամությունը` ամեն գնով ստորագրելու, ճիշտ հակառակ են ներկայացրել, թե՝ Ադրբեջանին «պատին են դեմ տվել», որ դրանով ոչ թե ցածրանում են, թուլությունը դրսևորում, այլ ճիշտ հակառակը՝ Ադրբեջանին կանգնեցնում ենք փաստի առաջ և պատռում ագրեսորի նրա դիմակը»,- գրել է թերթը։
Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Երևանյան երկխոսության» ֆորումում, երրորդ անգամ դիմել էր Բաքվին՝ առաջարկելով արդեն համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ստանալ «հիմնարար փաստաթուղթ», ապա շարունակել մնացած հարցերի քննարկումը։
Նույն օրը Բաքուն «անընդունելի» էր անվանել Երևանի այս առաջարկը։ Օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության պայմանագիր։