Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հինգերորդ տուրում Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները հաջող մրցելույթներ են ունեցել, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Կանանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել է Չինաստանի ընտրանուն՝ տոնելով 5-րդ անընդմեջ հաղթանակը։
Առաջին չորս խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1) և Վիետնամի թիմին (3:1):
Տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեդիայի հավաքականի նկատմամբ: Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1), իսկ չորրորդ խաղափուլում զիջել էր Չինաստանի թիմին (1.5:2.5):
Օլիմպիադան մեկնարկել է սեպտեմբերի 10-ին և կանցկացվի մինչև սեպտեմբերի 23-ը։