Իշխանությունը զավթելու նախապատրաստության գործով սեպտեմբերի 18-ին ձերբակալված «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը հրաժարվել է ընդունել մեղքը, News.am-ին ասել է նրա պաշտպան Գուրգեն Գրիգորյանը։
«Վարույթում ապացուցողական բազան բացակայում է։ Վարույթն իրականացնող մարմինը վերացական մոտեցում է ցուցաբերում գործին»,- նշել է պաշտպանը։
Գրիգորյանի խոսքով՝ իր պաշտպանյալը կապ չի ունեցել իշխանությունը զավթելու փորձի հետ։
«Նա իր գործունեության ընթացքում շատ անձանց ու հասարակական կազմակերպությունների հետ է շփվում, բայց դա չի նշանակում, որ նրա գործունեությունն անօրինական է։ Նա կարող է ԱՄՆ-ում էլ կապեր ունենալ, և այլ երկրերում նույնպես, սակայն այդպիսի հարաբերությունները վարույթի հիմք չեն կարող հանդիսանալ»,- ասել է փաստաբանը։
Սեպտեմբերի 18-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր Հայաստանում իշխանության զավթում կազմակերպելու փորձով 7 կասկածյալից 3-ին ձերբակալելու մասին։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի հատկանիշներով։ Պատժի առավելագույն ժամկետը 15 տարի ազատազրկումն է։ Գերատեսչությունը չէր հայտնել ձերբակալվածների անունները՝ վկայակոչելով միայն նրանց սկզբնատառերը:
Ավելի ուշ «Հայկական ժամանակ» թերթը և «Փաստինֆո» կայքը հայտնել էին Գասպարյանի ձերբակալության մասին՝ հղում անելով իրավապահներին մոտ կանգնած աղբյուրներին։