Իսրայելի կողմից Լիբանանի տարածքում սեպտեմբերի 23-ից իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 500-ը, հայտնել է Al Jazeera-ն՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը։
«Իսրայելի հարվածներից առնվազն 558 մարդ է զոհվել, այդ թվում՝ 50 երեխա և 94 կին»,- տեղեկացրել է պարբերականը։
Հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 1835 լիբանանցի, հավելել են նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի հարվածերից Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 400-ը։
Իսրայելը սեպտեմբերի 23-ի առավոտյան հարվածներ էր հասցրել Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական խմբավորման օբյեկտներին: Նույն օրն Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել։ Իսրայելն ու «Հեզբոլլահը» սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ էին հասցրել միմյանց։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին:
Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տարբեր էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյունների հետևանքով զոհվել էր 37 անձ և վիրավորվել մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին: