Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորածների 22 հոգուց կազմված ցուցակից ոմանք ողջ են մնացել, սակայն ԱԱԾ-ն բավականաչափ չի նպաստում նրանց որոնողական աշխատանքներին և վերադարձին, հայտնել է կորածներից մեկի կինը։
Նա նշել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին անհետ կորածներից Կարեն անունով մեկը զանգահարել է ընկերուհուն և ասել, որ ևս չորս մարդու հետ գտնվում է Շուշիում, ոտքերից վիրավոր են, ինչից հետո կապն ընդհատվել է։ Նրա խոսքով՝ տղայի ընկերուհին անմիջապես դիմել է ԱԱԾ, Կարմիր Խաչ և ոստիկանություն, սակայն արձագանք չի ստացել։
«Մինչ օրս Կարենի զանգը չի բացահայտվել։ Ասում են՝ փակ համարից են զանգել, չի երևում զանգը»,- նշել է նա և պատմել, որ ադրբեջանցիները Կարենի օգտահաշվով, որը բացված էր նրա մոր հեռախոսից, մտել են և ջնջել բոլոր կոնտակտները՝ թողելով «Ակիրա» անուն։
«Կարենի մայրն իր հեռախոսը տվել է ԱԱԾ-ին։ Անցել է մեկ տարի, բայց մինչ օրս հեռախոսը նրան չեն վերադարձրել»,- հավելել է արցախցին։
Նա նաև հայտարարել է, որ ամուսինը՝ Սամվելը, չի մահացել, քանի որ նրա հետ գտնվող մարդիկ ողջ են, նրանցից մեկը ձեռքերից թեթև վիրավորվել է։
«Համոզված եմ՝ նա և մնացած 21 հոգին (անհայտ կորածները-խմբ.) ողջ են»,- ասում է նա։
Անհայտ կորածի կինը նշել է, որ ամուսնուն մահացած ճանաչելուց հրաժարվելու պատճառով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի համաձայնել տալ նրա սոցիալական նպաստը։ Միևնույն ժամանակ, նրա երեք տարեկան երեխային, ով «կարգավիճակ չունի», չեն ընդունում մանկապարտեզ։
«Մեզ ստիպում են նրանց մահացած հայտարարել՝ գործը և այս էջը փակելու համար»,- կարծում է նա։
Տեղահանված կինն իշխանություններին մեղադրում է ադրբեջանցիների դիերն անհայտ կորածների ընտանիքներին հանձնելու մեջ, քանի որ ԴՆԹ թեստի ոչ մի արդյունք չի համընկել նրանց հարազատների տվյալների հետ։
«Կա երեք մարմին, ԴՆԹ թեստերի արդյունքները չեն համընկնում այս մարմիններից ոչ մեկի հետ: Այստեղից եզրակացություն, որ դրանք ադրբեջանցիների մարմիններ են։ Ես միշտ կարծել եմ, որ ադրբեջանցիներն են պայթեցրել (պահեստը – խմբ.)»,- ասում է նա։
Անհայտ կորածի կինը նաև հայտարարել է, որ ԱԱԾ-ն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել են իրենց լսել։
«Արդեն մեկ տարի է անցել, ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչ պայմաններում են ապրում երեխաներն ու ծնողները (անհայտ կորածների-խմբ.): Ոչ մեկին չի հետաքրքրում, որ արդեն մեկ տարի է, ինչ մենք ստիպված ենք խաբել մեր երեխաներին. պապան գործի է և շուտով գալու է: Իսկ այս իրավիճակում կա 22 ընտանիք։ Ծնողներն ամեն օր լալիս են և չգիտեն ինչ անել»,- եզրափակել է նա։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ Արցախի ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։
Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: