Թել Ավիվը պատրաստվում է ցամաքային գործողություն իրականացնել Լիբանանի հարավում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին։
«Մենք պատրաստվում ենք մանևրելու: Սա նշանակում է, որ [դուք] կմտնեք թշնամու տարածք, կմտնեք այն գյուղերը, որոնք «Հեզբոլլահ»-ը վերածել է ռազմական հենակետերի՝ ստորգետնյա ենթակառուցվածքներով, հավաքատեղիներով և արձակման կայաններով, որոնք ուղղված են մեր տարածքին», – ասել է նա՝ դիմելով զինվորականներին։
Հալևիի խոսքով՝ իսրայելական բանակը լիբանանյան շարժման մարտիկներին ցույց կտա, թե «ինչ է նշանակում դիմակայել պրոֆեսիոնալ, բարձր պատրաստվածություն ունեցող և փորձառու մարտական ուժին»։
Գլխավոր շտաբի պետը նաև խոստացել է «հզոր պատասխան» տալ «Հեզբոլլահ»-ի կողմից Թել Ավիվի վրա վաղ առավոտյան հրթիռի արձակմանը։ «Հեզբոլլահ»-ը հայտարարել էր, որ հրթիռ է արձակել իսրայելական հետախուզության Մոսադ հրամանատարական կետի վրա։
Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ Իսրայելի զանգվածային ռմբակոծությունների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է մոտ 560-ի:
Իսրայելը սեպտեմբերի 23-ի առավոտյան հարվածներ էր հասցրել Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական խմբավորման օբյեկտներին: Նույն օրն Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել։ Իսրայելն ու «Հեզբոլլահը» սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ էին հասցրել միմյանց։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին:
Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տարբեր էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյունների հետևանքով զոհվել էր 37 անձ և վիրավորվել մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին: