Թուրքիան, որպես կարևոր միջնորդ, կարող է իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատման հարցում, ասված է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումից հետո։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ կոնկրետ քայլեր են քննարկել Գերմանիայի և Թուրքիայի ԱԳ նախարարները։ Թուրքիան կարևոր միջնորդ է խաղաղության հաստատման համար»,- նշել են հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Երևանյան երկխոսության» ֆորումում, երրորդ անգամ դիմել էր Բաքվին՝ առաջարկելով արդեն համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության համաձայնագիր, ստանալ «հիմնարար փաստաթուղթ», ապա շարունակել մնացած հարցերի քննարկումը։ Նույն օրը Բաքուն «անընդունելի» էր անվանել Երևանի այս առաջարկը։
Օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության պայմանագիր։
Սեպտեմբերի 11-ին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Երևանին ու Բաքվին հաջողվել է համաձայնեցնել երկու պետությունների հարաբերության հիմնարար սկզբունքների անկյունաքարային բովանդակություն ունեցող դրույթները։ Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր, որ «Երևանը պայմանագրի բոլոր չհամաձայնեցված դրույթներն իր տարբերակով հանել է խաղաղության պայմանագրից»։