Քաղաքական հարթակում բավարար ջանքեր չեն ներդրվում Ադրբեջանում պահվող պատանդների և գերիների վերադարձի ուղղությամբ, լրագրողներին հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ դրա ամենավերջին ապացույցը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում վարչապետի ելույթում և, ընդհանրապես, տարբեր պետությունների ղեկավարների հետ հանդիպումներում գերիների և պատանդներին ընդհանրապես չանդրադառնալն է։
«Միգուցե ոչ հանրային ինչ-որ բան արվում է, բայց, առնվազն, այն շահագրգիռ կողմերը, որոնք պետք է տեղեկություն ունենան, թե ինչ է կատարվում, բոլորի հետ էլ կապ ունեմ, խոսում եմ, բայց չենք տեսնում այդ քաղաքական հստակ գործողությունները»,- ընդգծել է Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ Բաքվում պահվող անձնաց վերադարձի ուղղությամբ իրավական դաշտում աշխատանք տարվում է, բայց Ադրբեջանը հարցը քաղաքականացրել է և քաղաքական լուծում պետք է տրվի։
«Իրավական ճանապարհով այս խնդրի լուծմանը հասնելն ուղղակի անհնար է, պետք է ուժեղ քաղաքական ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, որը, ցավոք, չի արվում։ Վերադարձի իրավունքի մասին խոսելիս այն փաստարկն են բերում, որ Հայաստանն ինքն անվտանգային խնդիր ունի։ Այս պարագայում սա ամբողջությամբ հումանիտար բնույթի հարց է, ի՞նչն է պատճառը, որ այն նորմալ ձևով առաջ չի մղվում։ Արդյունքի հասնելու համար պետք է ավելի շատ ջանքեր ներդրվեն»,- հավելել է նա։
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարի 5-ին հայտնել էր, որ Ադրբեջանում պահվող 23 հայ գերի կա, որոնցից 17-ին Բաքուն գերեվարել է 2023 թվականի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո։ Նրանց թվում նաև Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությունն է։ Քյարամյանը նաև նշել էր, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման փաստական տվյալներ կան։
Մարտի 9-ին Hartford Courant-ը պատմել էր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խոշտանգումների մասին: Հունիսի 14-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայտնել էին, որ նրան Բաքվի բանտում խոշտանգում են։
Մանրամասները՝ տեսանյութում։