Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները դարձել են Բաքվի հայատյաց քաղաքականության շարունակությունը, ինչի վկայությունն են ադրբեջանական բանտերում հայ ռազմագերիների դաժան խոշտանգումները, գրում է ամերիկյան Hartford Courant թերթը։
«Ադրբեջանական զորքերը 2020 թվականի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղում առևանգել են Մելսին և 10 ամիս խոշտանգել նրան, սովի մատնել և ստիպել վանկարկել «Ղարաբաղն Ադրբեջան է» և «Փառք Ադրբեջանի նախագահին»,- գրել է թերթը Մարդու իրավունքների համալսարանական ցանցի (UNHR) կողմից հարցազրույց տված ռազմագերու մասին։
Հոդվածի հեղինակ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների և քաղաքականության հարցերով տնօրեն Թոմաս Բեքերը նշել է, որ Մելսը գերությունից վերադարձել է Կարմիր խաչի օգնությամբ, բայց անճանաչելի վիճակում՝ խոշտանգումների պատճառով։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հարցազրույց է անցկացրել վերջին երեք տարիների ընթացքում ադրբեջանական խոշտանգումներից տուժած 150 զոհերի հետ, ովքեր հայտարարել են, որ «Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների ճանապարհը հարթվել է տարիների ընթացքում»:
Ադրբեջանական բռնության զոհերի մասին տեղեկություններ հավաքող Բեքերի թիմը ներառում է Հարվարդի, Օքսֆորդի, Ուեսլեյան համալսարանի, Կալիֆորնիայի և Յեյլի համալսարանների իրավաբանների, գիտնականների և ուսանողների: «Մենք ոչ ոք չենք. ինչպես էթնիկ հայերի դեմ երեք տարվա վայրագությունները հանգեցրին էթնիկ զտումների» զեկույցում նրանք տեղեկություններ են հավաքել Լեռնային Ղարաբաղում Բաքվի ագրեսիայի փուլերի մասին։
Բեքերը զգուշացրել է, որ հաշվի առնելով միջազգային հանրության անտարբերությունը, Բաքվի՝ մարդկության դեմ հանցագործությունները կարող են կրկնվել Հայաստանի տարածքում։ «Եթե մենք չբացահայտենք և հաշվի չառնենք այս վերջին ձախողումները, ապա անխուսափելիորեն դրանք նորից կտեսնենք, գուցե Հայաստանի հարավում՝ Ադրբեջանի հայտարարած հաջորդ թիրախում»,- եզրափակել է հեղինակը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել էին 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
Թուրքիայի արտաքին գործերի և հետախուզության ղեկավարները ժամանել են Դամասկոս
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը ժամանել են Դամասկոս։ Ինչպես հայտնում...