ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումում հայտարարել է, որ լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի Հայաստանի դեմ նոր ռազմական ծրագրեր իրականացնել։ Նա նաև նշել է, որ վստահ չէ Ադրբեջանի խաղաղ ծրագրերի հարցում։
Միրզոյանը ֆորումի շրջանակներում մասնակցել է «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը, որտեղ նաև մտահոգիչ է անվանել Բաքվի կողմից այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հասկացության օգտագործվումը, որի տակ Ադրբեջանը հասկանում է Հայաստանի տարածքի մեծ մասը։
«Իրապես լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ: Օրինակ, ադրբեջանական կողմն այժմ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը, որը, ինչպես գիտեք, հիմնականում համընկնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին։ Նրանք պնդում են, որ դա տարածքային պահանջ չէ, սակայն, ցավոք, տպավորությունը բոլորովին այլ է: Դուք հարցնում եք, թե ինչպե՞ս ես՝ որպես Արտաքին գործերի նախարար, կամ իմ կառավարությունը, կարող ենք վստահություն ներշնչել: Ցավոք, չեմ կարող վստահություն հայտնել, քանի, որ ես վստահ չեմ Ադրբեջանի խաղաղ ծրագրերի հարցում»,- ասել է Միրզոյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ Ադրբեջանն այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրել։
Միրզոյանը հայտնել է, որ Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի տեքստը գրեթե ավարտել և վերջնական տեսքի է բերվել, նախագիծը կա, բայց չի ստորագրվում։
«Ադրբեջանական կողմը չի ցանկանում ստորագրել խաղաղության այս փաստաթուղթը, խաղաղության պայմանագիրը ինչ-ինչ պատճառներով, ինչ-որ հաշվարկներով ամեն անգամ նորանոր նախապայմաններ է առաջ քաշում, և մենք տեսնում ենք, որ նրանք չեն ցանկանում ստորագրել փաստաթուղթը»,- ասել է արտգործնախարարը։
Նա հիշեցրել է Հայաստանի առաջարկը՝ ստորագրել փաստաթուղթը, ապա շարունակել բանակցել մնացած հարցերի շուրջ:
«Մենք չենք տեսնում այս քաղաքական կամքն ադրբեջանական կողմից»,- հավելել է նախարարը:
Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ «հայ հասարակության մեջ մեծ հիասթափություն կա Ռուսաստանի, նրա օգնության և ՌԴ հետ ունեցած դաշինքի վերաբերյալ»։
«Տասնամյակներ շարունակ Հայաստանի բնակչությունը մտածում էր, որ նման իրավիճակների դեպքում Ռուսաստանը մեզ կօգնի, կպաշտպանի և այլն: Այժմ նրանք տեսնում են, որ դա այդքան էլ այդպես չէ, և մենք օգնություն չենք ստանում: Ավելին, դուք գիտեք, որ 2020 թվականի պատերազմից հետո ռուս խաղաղապահներ էին ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ ապահովելու բնակչության անվտանգությունը, սակայն մենք տեսանք, որ բռնի տեղահանման ընթացքում խաղաղապահ առաքելությունն իրեն չարդարացրեց»,- շեշտել է նախարարը:
Նա նշել է, որ անվտանգության առումով Հայաստանի բնակչությունը հոգեբանորեն իրեն կապված էր տեսնում Ռուսաստանի հետ: Այժմ, ըստ նախարարի, այդ բաղադրիչը փլուզվել է, և մարդիկ չեն տեսնում այլ պատճառ, որը կխոչընդոտեր ԵՄ-ի հետ հարաբերությունների ավելի սերտացմանը:
«Մենք Ռուսաստանի և մյուս երկրների պես անդամակցում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, սակայն, երբ հարձակումներ տեղի ունեցան միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների վրա, կրկին ականատես եղանք, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ՀԱՊԿ-ից մեր մյուս դաշնակիցները չարձագանքեցին, նրանց արձագանքը չէր համապատասխանում մեր սպասելիքներին։ Այսպիսով, ինչպես արդեն նշեցի, դա մեծ հիասթափություն է առաջացրել, և այժմ Հայաստանում մարդիկ դիտարկում են այլ տարբերակներ»,- ասել է Միրզոյանը: